Պավել Կոստոմարովին՝ ռուս ընդդիմադիրների մասին «Սրոկ» հեռուստանախագծի հեղինակներից մեկին հարցաքննության են կանչել: Ավելի վաղ նրա բնակարանը խուզարկել էին: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նրա գործընկեր, ՆՏՎ հեռուստաալիքի լրագրող Ալեքսեյ Պիվովարովը:

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնում է, որ Կոստոմարովին հարցաքննում են Բոլոտնայա հրապարակի անկարգությունների գործով՝ իբրեւ վկա:

Business FM-ի հետ զրույցում Կոստոմարովն ասել է, որ չի կարող մանրամասներ պատմել. «Ես հրապարակման իրավունք չունեմ, ինձ արգելել են մանրամասներ պատմելը»:

Փաստագրական ֆիլմերի ռեժիսոր Վիտալի Մանսկին կատարվածն անվանել է ամենաթողություն, գրում է BFM.RU-ն:

Ռուս ընդդիմության առաջնորդների մասին պատմող «Սրոկ» ֆիլմը Պավել Կոստոմարովի, Ալեքսանդր Ռաստորգուեւի եւ լրագրող Ալեքսեյ Պիվովարովի համատեղ աշխատանքն է: Փաստագրական ֆիլմի հերոսներն են Ալեքսեյ Նավալնին, Քսենիա Սոբչակը, Իլյա Յաշինը, Բորիս Նեմցովը, Էդուարդ Լիմոնովը, Սերգեյ Ուդալցովը: