Գագիկ Ծառուկյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվելու մասին հրապարակումը ապատեղեկատվության հերթական դասական օրինակ է, ոչ ավելին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավարի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:
Նա տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանը այսօր գիշերը ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավորների հետ վերադարձել է Հայաստան եւ այսօր նախատեսված են մի շարք կարեւորագույն միջոցառումների մասնակցություն, մասնավորապես` Բռնցքամարտի աշխարհի առաջնության փակման արարողությունը, որին մասնակցելու է նաեւ Գագիկ Ծառուկյանը:
«Ինչ վերաբերում է ԱՄՆ կատարելիք հնարավոր այցին, ապա այդ խնդրով խիստ մտահոգված անձանց տեղեկացնեմ, որ այս շրջանում ոչ, բայց չի բացառվում, որ առաջիկայում կլինի Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության այցը Միացյալ Նահանգներ: Օրակարգում նման ծրագիր կա, դա կուսակցական կապերի ընդլայնման եւ զարգացման նպատակ է հետապնդում»,- ասաց նա:
Իվետա Տոնոյանը տեղեկացրեց, որ նախագահական ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ առաջնորդը հայտարարություն կանի հաջորդ շաբաթ, բայց հստակ օր չնշեց:
Նշենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը արդեն մեկնել է ԱՄՆ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունից գրավոր պատասխանել են. «Մենք ԶԼՄ-ներից տեղեկացել ենք, որ Գագիկ Ծառուկյանը մեկնել է Միացյալ Նահանգներ: Նրա այցի հետ կապված մանրամասների համար խորհուրդ կտայինք դիմել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակին»:
Ասել է թե` դիվանագիտական լեզվով ԱՄՆ դեսպանատնից հաստատել են դեռ 2 օր առաջ «Ժողովուրդ»-ի հրապարակած տեղեկությունը Ծառուկյանի՝ ԱՄՆ հնարավոր այցի մասին: Ուշագրավն այն է, որ ԲՀԿ-ն օրերս հաղորդագրություն տարածեց, թե Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում կլինի դեկտեմբերի 4-6-ը, իսկ ԱՄՆ դեսպանատան` մեզ ուղարկված հաղորդագրության մեջ, որը կազմվել է դեկտեմբերի 5-ին, նշված է, որ Ծառուկյանն արդեն իսկ ԱՄՆ-ում է:





























