«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բետոնախառնիչի տիրոջ մտածելակերպով օլիգարխ է, հետեւաբար չի կարող ընդդիմության միասնական թեկնածու լինել: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում նշել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքով՝ ինքը Գագիկ Ծառուկյանին Ռոբերտ Քոչարյանից չի տարբերում: «Նա օլիգարխիայի մարմնավորում է, ինչպե՞ս կարող է ընդդիմադիր լինել»,- հավելել է պատգամավորը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ծառուկյանի օգտին հրաժարվի առաջադրվելուց, Փոստանջյանը պատասխանել է. «Րաֆֆի Հովհաննիսյանը Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանի, նաեւ՝ Ղարաբաղի եւ Ջավախքի թեկնածուն է, ուստի որեւէ մեկի օգտին չի կարող հանել թեկնածությունը»:
Մեկնաբանելով լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Զարուհի Փոստանջյանը նախագահի աշխատակազմի քաղաքական պատվերների կատարող է, պատգամավորը նշել է, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում. «Բաղրամյան 26-ը եւ Նալբանդյան փողոցում գտնվող ՊԱԿ-ի շենքը հրեշի գլուխն են: Ես կցանկանայի, որ այդ շենքերը վերածվեին թանգարանի եւ որ Հայաստանում կառավարման նախագահական համակարգ չլիներ»:
Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի / NEWS.am





























