NASA-ի նախկին աշխատակիցները հայտնել են Golden Spike ընկերության հիմնադրման մասին, որը կզբաղվի դեպի Լուսին մասնավոր թռիչքների կազմակերպմամբ: Ընկերության ղեկավարն է NASA-ի ստորաբաժանումներից մեկի նախկին տնօրեն Ալան Սթերնը:
Նա հայտնել է, որ դեպի Լուսին եւ հետադարձ տոմսի արժեքը 1.5 մլրդ դոլար է, ընկերությունն արդեն «մի քանի հետաքրքիր առաջարկ է ստացել»: Ընկերության հիմնական «թիրախը» մեծամասամբ Ասիայի, Աֆրիկայի, նաեւ՝ Հարավային Կորեայի ու Ճապոնիայի հարուստ գործարարներն են, հայտնում է rbc-ն: Ընկերությունը մտադիր է շահույթ ստանալ ոչ միայն թռիչքներից, այլեւ գովազդից:
Սակայն շատ փորձագետներ թերահավատորեն են վերաբերվում գաղափարին: NASA-ի նախկին աշխատակից Սքոթ Փեյսը նշել է, որ «այն իրագործելի է տեխնիկական տեսանկյունից, սակայն անհեռանկարային՝ ֆինանսական առումով»:
Ալան Սթերնը մամուլի ասուլիսում նշել է, որ առաջին թռիչքի կազմակերպման համար 7 մլրդ դոլար կպահանջվի:





























