Գագիկ Ծառուկյանի Բրյուսել կատարած այցը ցույց տվեց, որ նա ընդդիմության ներկայացուցիչ է եւ կառաջադրվի նախագահական ընտրություններում: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում նշել է «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Բրյուսելում Գագիկ Ծառուկյանի կողմից Հայաստանի ներքին խնդիրները քննարկման դնելուն:
Բիշարյանը միաժամանակ նշել է, որ Գագիկ Ծառուկյանի ելույթն անձամբ չի լսել, ուստի ճիշտ չի համարում մեկնաբանելը. «Ես նպատակահարմար չեմ համարում մեր գործընկերների հայտարարությունները մեկնաբանելը: Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին խնդիրները քննարկման դնելուն, դա նրանց գործն է, քանի որ քաղաքական ամեն մի ուժ ինքն է ընտրում իր գործունեության ուղին եւ ձեւաչափը»:





























