Հայաստանը շարունակում է ղարաբաղյան հակամարտությունը բացառապես  խաղաղ ճանապարհով կարգավորելու ջանքեր գործադրել: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Դուբլինում ելույթ ունենալով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում:

Իր ելույթում Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է ուժ գործադրելու սպառնալիքները, վարում է այլատյացության եւ ռասիզմի քաղաքականություն: Ամենավառ օրինակը մարդասպան Ռամիլ Սաֆարովի գովերգումն է, որին Ադրբեջանում հերոս են հռչակել: «Սաֆարովի հերոսացումը նրան դարձրել է ազգային հպարտության խորհրդանիշ եւ երիտասարդության համար ընդօրինակելի կերպար», - նշել է Հայաստանի ԱԳՆ-ի ղեկավարը: Ըստ նրա՝ այդ միջադեպն ընդհատում է բանակցային գործընթացը՝ սպառնալիքի տակ դնելով տարածաշրջանի կայունությունը:

Նալբանդյանը նաեւ հայտարարել է, որ չնայած համանախագահ երկրների կոչերին, բանակցություններում առաջընթաց  չի եղել Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցման պատճառով: Նա ընդգծել է, որ Բաքուն մշտապես մերժում է առաջարկությունները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դեմ ուղղված քարոզչություն է  ծավալում՝ փորձելով բանակցությունները դուրս բերել այդ ձեւաչափից: Չնայած այս ամենին, Հայաստանն աջակցում է Մինսկի խմբի՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված  ջանքերը եւ կոչ է անում զերծ մնալ ռազմատենչ հայտարարություններից: