Հայաստանի կառավարությունը շարունակում է տարբեր բնագավառներում բարեփոխումներ կատարելը, այդ թվում՝ ընտրությունների ընթացակարգի բարելավման, դատական անկախ համակարգի ստեղծման համար: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Դուբլինում ելույթ ունենալով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում:
Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է համագործակցել ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) հետ՝ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում փորձագետների մատնանշած բացթողումները շտկելու համար:
Հայաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ ԺՀՄԻԳ-ը խորհրդարանական ընտրությունները ԵԱՀԿ-ի եւ ժողովրդավարական ընտրությունների միջազգային այլ չափանիշներին համապատասխան էր ճանաչել: «Հայաստանը լի է այդ ձեռքբերումն օգտագործելու եւ 2013թ. նախագահական ընտրությունները ժողովրդավարական ամենաբարձր չափանիշներին համապատասխան անցկացնելու վճռականությամբ», - ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը:





























