Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագահի թեկնածու առաջադրի, ապա ամենայն հավանականությամբ այդ թեկնածուն կլինի կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ի մամուլի ասուլիսում նշել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանի առաջադրման հավանականությունը շատ մեծ է. ««Բարգավաճ Հայաստանի» համար թեկնածու չառաջադրելը իմիջի կորուստ կլինի»:
Սակայն քաղաքագետն առայժմ չհստակեցրեց, թե որքանով ակտիվ կլինի պայքարը՝ նշելով միայն, որ հնարավոր է Գագիկ Ծառուկյանի եւ գործող նախագահի «մտածված» մրցապայքարը: Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, Արեւմուտքում Հայաստանի նախագահական ընտրություններին շատ լուրջ են վերաբերվում, ինչի ապացույցն է այն, որ ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը մտադիր է գլխավորել դրա նախագահը:
Քաղաքագետը նշել է, որ այժմ շարունակվում են գաղտնի բանակցությունները: Ամենայն հավանականությամբ, Ծառուկյանին առաջարկում են Սարգսյանին աջակցելու տարբերակները, եւ Ծառուկյանի մասնակցության ձեւաչափի մասին հայտարարությունը այդ ենթադրության օգտին է վկայում:
Պատասխանելով ընտրություններում ՀԱԿ-ի եւ նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցության հարցին՝ քաղաքագետը նշել է, որ Գագիկ Ծառուկյանի առաջադրման դեպքում ՀԱԿ-ը, ամենայն հավանականությամբ, կաջակցի նրան: Ընդ որում, ԲՀԿ առաջնորդի հնարավորությունները քաղաքագետը բավական բարձր է գնահատում՝ 30-40%: Եթե Ծառուկյանը որոշի չառաջադրվել, ՀԱԿ-ը ստիպված իր թեկնածուին կառաջադրի՝ դարձյալ իմիջը պահպանելու համար: Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, եթե Ծառուկյանը որոշի չառաջադրվել, Սերժ Սարգսյանի հաղթանակը ջախջախիչ կլինի:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտի համախմբմանը, Իսկանդարյանը նման հեռանկարը ավելի քան կասկածելի է համարում: «Հայաստանում նման բան չի լինում, որ բոլորը միավորվեն», - նշել է քաղաքագետը՝ հավելելով, որ քաղաքական մի զգալի հատվածի միավորումը հավանական է:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























