Ես հանդես եմ գալիս Հայաստանի ներքին խնդիրների բաց քննարկման օգտին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ նշեց ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Բրյուսելում քննարկել է Հայաստանի ներքին խնդիրները:

Մանուկյանի խոսքով, դրանում ոչ մի արտառոց բան չկա. «Ես ինքս Եվրոպայի լիբերալ կուսակցության լիիրավ անդամ եմ եւ այնտեղ ազատորեն ներկայացնում եմ իմ երկրի խնդիրները: Հայաստանը Եվրոպայի Խորհրդի անդամ է եւ այդ կառույցի անդամ է դարձել պայմանով, որ հակակոռուպցիոն եւ ժողովրդավարական ծրագրեր կիրականացնի: Եվ եթե երկրում կան այդպիսի խնդիրներ, ապա դու պետք է դրանց մասին խոսես այն կառույցներում, որոնցում գտնվում ես»:

ՀԱԿ պատգամավորը նաեւ կոչ արեց լրագրողներին իրեն չհարցնել նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի կամ միասնական ընդդիմության թեկնածուի մասին: «Մենք փորձում ենք քաղաքական դաշտ, հիմք ստեղծել, որի հիման վրա քաղաքական ուժերն ընդհանուր լեզու կգտնեն: Երբ մենք կարողանանք լուծել գործողությունների ծրագիր ձեւավորելու դժվար խնդիրը, այդ ժամանակ արդեն ավելի հեշտ կլինի կողմնորոշվել նախագահի թեկնածուի հարցում: Եթե մենք կարողանանք Սերժ Սարգսյանից ազատվելու ծրագիր ընդունել, ապա դա հետագա գործողությունների համար հիմք կդառնա»,-ընդգծեց Արամ Մանուկյանը:

 

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի/NEWS.am