Ռուսաստանը հազիվ թե կարողանա Սիրիայի հարցում լրջորեն ազդել Թուրքիայի վրա: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ի մամուլի ասուլիսում նշել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ միանգամայն հնարավոր է, որ Վլադիմիր Պուտինը վերջերս Անկարա կատարած այցի ընթացքում հնչեցրել է ռուսական կողմի դիրքորոշումը, սակայն Թուրքիան հազիվ թե լսի այն:

 «Թուրքիայի վտանգավոր «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը հանգեցրեց  «զրո հարեւաններ առանց խնդիրների» արդյունքին: Սակայն Ռուսաստանը  Սիրիայի հարցում Թուրքիայի վրա ճնշում գործադրելու քիչ գործիքներ ունի», - նշել է Ա. Իսկանդարյանը՝ հավելելով, որ ռուս-թուրքական բանակցությունների հիմնական թեման տնտեսական, ոչ թե քաղաքական հարցերն են:

Ընդհանուր առմամբ, ըստ Իսկանդարյանի, Սիրիայի իրավիճակը փակուղու է դեմ առել. Ընդդիմությունը իշխանությունը գրավելու բավարար միջոցներ չունի: Բաշար Ասադը ընդդիմությանը վերջնական ճնշելու հնարավորություններ եւ միջոցներ չունի:

Այս վտանգավոր հավասարակշռությունը կարող է խախտվել, օրինակ, Վաշինգտոնի միջամտությամբ, սակայն առայժմ ոչ ոք չի խիզախում դա անել, նշել է Ալեքսանդր Իսկանդարյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am