Գործող նախագահը, ում թեկնածությունն առաջադրվելու է նախագահական ընտրություններում, վերընտրվելու է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ ճեպազրույցնելում հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ո՞ւմ թեկնածուն է լինելու Սերժ Սարգսյանը, այն դեպքում, երբ «Ժառանգությունը» առաջադրում է Րաֆֆի Հովհաննիսյանին, որպես Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանների, նաեւ Ղարաբաղի եւ Ջավախքի թեկնածու:
«Ես չգիտեմ, թե ով է նման բան հռչակել: Ես նույնիսկ չեմ ուզում մտածել այլ թեկնածուների, նաեւ այն մասին, թե ով ինչ ձեւաչափով է առաջադրում իր թեկնածությունը»,-ընդգծեց նա:
Նույն հարցի առնչությամբ, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը սկզբում հայտարարեց, որ գնահատում է լրագրողների հումարն, ապա հավելեց. «Գուցե տարիքն է զգացնել տալիս, գուցե շատ խնդիրներ ունի, բայց ես չեն ընդունում մանկական արտահայտությունները»:
Սակայն երբ լրագրողները պնդեցին, որ մեջբերում են «Ժառանգություն» խմբակցության քարտուղարի խոսքը եւ հարցրեցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի ֆոնին իմաստ ունի՞, որ ՀԱԿ-ն իր թեկնածուին առաջադրի, ՀԱԿ ներկայացուցիչն արձագանքեց. «Երեւի, իսկապես, իմ հումորի զգացումն ինձ դավաճանում է: Ես հիմա այնպես զբաղված եմ լուրջ հարցերով, որ չեմ կարող պատասխանել ձեր հարցին: Ինչի մասին եք խոսում, ինչ է նշանակում համահայկական, տիեզերական թեկնածու: Երկիրը գլորվում է անդունդը, ինչի մասին է խոսքը»:
Հարցին, թե հայտնի՞ է իրեն աշխարհասփյուռ հայերի կարծիքը համահայկական թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մասին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Այո, ես տեղյակ եմ, հայերն ուզում են ունենալ միացյալ Հայաստան, իսկ ահա նախագահի թեկնածուի հարցը չի քննարկվել միացյալ Հայաստանի սահմաններում»:
Իր հերթին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այս խնդրի առնչությամբ հեգնանքով նկատեց. «Մենք ունենք մեր ազգային թեկնածուն, իսկ «Ժառանգության» թեկնածուն հարեւանների կողմից է: Այ հենց հիմա ջավախահայությունը հավաքվել է սահմանին եւ սպասում է, որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա նախագահ»:
Նշենք, որ ճեպազրույցի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանների, ինչպես նաեւ Ղարաբաղի եւ Ջավախքի թեկնածուն է:





























