«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իշխող կոալիցիայի անդամ չէ, հետեւաբար, մեզանից ոչ ոք նրանց փոխարեն չի կարող նշել ԱԺ ճեպազրույցներում նրանց բացակայության պատճառը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ ճեպազրույցներում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ԲՀԿ-ականները չեն մասնակցում ճեպազրույցներին:

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան այցի վերաբերյալ ԲՀԿ մամուլի ծառայության հաղորդագրությանը, Սահակյանը նշեց, որ այն հասցեատեր չունի: «Ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ն այն կուսակցությունն է, եւ Գագիկ Ծառուկյանն այն մարդն է, որպեսզի նման անհեթեթ եւ ոչ տպավորիչ հայտարարություն անեն: Ավելին, նրանց հանդիպումները Բրյուսելում ոչ պաշտոնական են եղել: Հրապարակումներում այդ ամենն այնպես է ներկայացվել, իբր ողջ Եվրոպան ծնկի եկած լսել է Ծառուկյանին: Այդ տեքստը արջի ծառայություն էր «Բարգավաճ Հայաստանին»: