Այսօր առավոտյան Բրյուսելից վերադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը, որի կազմում էի նաեւ ես: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԲՀԿ-ական պատգամվոր Վարդան Օսկանյանը:
«Եթե փորձեմ միայն մեկ բառով բնութագրել այցը, կասեի, որ դա անհրաժեշտ այցելություն էր: Նախ, անհրաժեշտ էր, որ ԲՀԿ-ն՝ որպես Հայաստանում ազդեցիկ քաղաքական ուժ, ներկայացներ իր տեսակետները երկրի ներկայի եւ ապագայի վերաբերյալ: Երկրորդ, կարեւոր էր, որ Եվրոպական Միությունը՝ որպես Հայաստանի կարեւորագույն գործընկերներից մեկը, ԵՄ-Հայաստան ծրագրերի իրականացման հարցում ԲՀԿ-ին ընդուներ եւ ընկալեր որպես հուսալի գործընկեր: Երրորդ, անհրաժեշտ էր փարատել այն թյուրըմբռնումը, թե ԲՀԿ-ն միակողմանի ուղղվածություն ունեցող քաղաքական ուժ է եւ այնքան էլ չի դավանում եվրոպական արժեքները: Ասեմ, որ այցելությունն արդյունավետ էր եւ ծառայեց իր նպատակներին: Եվրոպական կողմին հիմնականում հետաքրքրում էր, թե էությամբ ինչպիսի կուսակցություն է «Բարգավաճ Հայաստանը» եւ ինչ ծրագրեր ունի երկրի ապագայի վերաբերյալ: Բացի այդ, եվրոպացի պաշտոնյաներին հետաքրքրում էր, թե ԲՀԿ-ն ինչ պատասխանատվություն կարող է վերցնել իր վրա ոչ միայն օգնելու ավարտին հասցնելու Հայաստան-ԵՄ ասոցացման եւ Ազատ առեւտրի մասին համաձայնագրերի բանակցությունների փուլը, այլեւ անցնելու դրանց գործնական կիրառմանը:
«Բարգավաճ Հայաստանին» հիմնականում հետաքրքրում էր, թե որն է Եվրոպական Միության անկեղծ եւ օբյեկտիվ գնահատականը Հայաստանում ընթացող գործընթացների, բարեփոխումների, ինչպես նաեւ ԵՄ-ի հետ ծրագրերի հարցում: ԲՀԿ-ին նաեւ հետաքրքրում էր, թե ինչ կարելի է անել, որ այդ համագործակցությունը միայն թղթի վրա չլինի, այլ որ պահպանվեն ձեռք բերվող պայմանավորվածությունների տառն ու ոգին: Կարծում եմ՝ երկուստեք ստացանք մեր հարցերի պատասխանները»:




























