Հայտնի հույն հեռուստահաղորդավար եւ սկանդալային հետաքննությունների հեղինակ Մակիս Տրիանդաֆիլոպուլոսը ոստիկանության եւ կողոպտիչների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զրկվել է ՋԻՓ-ից: Հետապնդումն ու փոխհրաձգությունը դեկտեմբերի 7-ի գիշերը շարունակվել է շուրջ մեկ ժամ, սակայն ոստիկաններին դեռեւս չի հաջողվել ձերբակալել կասկածյալներին:

Չորս զինված կողոպտիչներ, որոնք եղել են զրահապատ բաճկոններով եւ դիմակներով, կողոպտել են մասնավոր տունը՝ գողանալով փողով լի պայուսակը: Անմիջապես դեպքի վայր է ժամանել ոստիկանական ջոկատը, սակայն ավազակները կրակ են բացել նրանց վրա եւ փորձել են դիմել փախուստի:

Հարեւան թաղամասում նրանք կանգնեցրել են մոտակայքում գտնվող հեռուստահաղորդավարին, ով անցնում էր իր Porsche Cayenne մեքենայով: Ավազակներն զենքի սպառնալիքով Տրիանդաֆիլոպուլոսին իջեցրել են մեքենայից եւ գողացել մեքենան: Ոստիկանության մի քանի ջոկատներ հետապնդել են նրանց:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», փոխհրաձգությունը շարունակվել է հարեւան Կրիոների թաղամասում, գերեզմանոցի մոտ: Այնուհետեւ ավազակները վթարի են ենթարկվել եւ Porsche Cayenne-ն ընկել է ջրատարը:

Դրանից հետո կասկածյալները գետի հոսանքի ուղղությամբ դիմել են փախուստի: Ոստիկանությունը շրջապատել է թաղամասը, որտեղ կարող էին թաքնվել կասկածյալները, բայց դեռեւս չի գտել նրանց: