Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերաթողարկվել է եւ միացել հանրապետության էներգաարտադրության ցանցին: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը: Վերաթողարկումը տեղի է ունեցել անցյալ շաբաթ՝ նոյեմբերի 27-ին:
Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ում էլեկտրաէներգիայի արտադրությունը դադարեցվել էր սեպտեմբերի 15-ին՝ կապիտալ վերանորոգման, անվտանգության միջոցառումների ներդրման եւ վերալիցքավորման նպատակով: Կապիտալ նորոգումն իրականացվում է 4 տարին մեկ անգամ:
Ի տարբերություն պլանային վերանորոգման (որն իրականացվում է ամեն տարի)՝ կապիտալ վերանորոգումն ավելի երկար ժամանակ է պահանջում, քանի որ այս դեպքում ռեակտորի վառելիքն ամբողջությամբ դատարկվում է եւ իրականացվում են մի շարք կարեւորագույն աշխատանքներ:
Այս ընթացքում իրականացվել են ՀԱԷԿ-ի ռեակտորի իրանի ստուգման, երրորդ տուրբոգեներատորի հիմնանորոգման աշխատանքներ, ինչպես նաեւ՝ ամբողջությամբ ներդրվել են ծրագրով նախատեսված անվտանգության միջոցառումները:




























