Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին վերջին ժամանակներս երկրում հաճախացած միջկրոնական հակասությունները «պետությանը վարկաբեկելու նպատակ հետապնդող» սադրանք է անվանել:

Նա ընդգծել է, որ դարեր շարունակ Վրաստանում խաղաղ գոյակցել են տարբեր կրոնների հետեւորդները, եւ նման հակասությունների նախադեպ չի եղել:

«Ուստի կարծում եմ, որ կրոնական հողի վրա հակասությունները սադրիչ բնույթ ունեն», - ասված է Իվանիշվիլիի հայտարարությունում, գրում է «Նովոստի Գռուզիան»:

Վարչապետի խոսքով՝ միջկրոնական հակասության յուրաքանչյուր դեպք կհետաքննվի, եւ բոլոր օրինախախտները կպատժվեն:

Դեկտեմբերի 7-ին «Վրաստանի մահմեդականների միությունը» նախագահին, վարչապետին, պատրիարքարանին եւ Վրաստանի բնակչությանն ուղղված նամակ է տարածել, որում ասվում է, որ Ցինցկարո գյուղի ուղղափառ բնակչության մի մասը մահմեդականներից պահանջում է դադարեցնել ուրբաթօրյա աղոթքը եւ հրաժարվել մզկիթի կառուցումից: Մահմեդականների հասցեին մշտապես վիրավորանքներ են հնչում: