Մեկնարկել է վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե վարչապետը Ֆրանկֆուրտում մասնակցել է գերմանական «Commerzbank»-ում կազմակերպված հայ-գերմանական գործարար համաժողովին, որին մասնակցել են «Commerzbank»-ի ֆինանսական հաստատությունների ղեկավար Պիեր Ֆիշերը, գերմանական եւ հայկական ընկերությունների ներկայացուցիչներ: Մասնավորապես, համաժողովին Հայաստանից ներկա են 15 ընկերություններ, որոնք ներկայացնում են բանկային, բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, մարտկոցների արտադրության, էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտները:

Քննարկումների առանցքում են եղել երկկողմ գործարար կապերի զարգացմանը, համատեղ նոր ծրագրերի իրականացմանը, Հայաստանում եւ եվրոպական տարածաշրջանում առկա մակրոտնտեսական իրավիճակին առնչվող հարցեր:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել գերմանական «Commerzbank»-ին այս կարեւորագույն միջոցառման կազմակերպման համար:

Տիգրան Սարգսյանը կարեւորել է համաժողովի անցկացումը հենց Գերմանիայում, որը ԵՄ անդամ պետությունների շարքում Հայաստանի առաջին առեւտրային գործընկերն ու կարեւորագույն ներդրողն է: «Գերմանիան մշտապես աջակցել է Հայաստանի տնտեսական զարգացմանը՝ նեցուկ կանգնելով մեր տնտեսական եւ քաղաքական բարեփոխումներին: Ուստի ցանկանում եմ երախտիքի խոսքեր ասել Գերմանիայի կառավարությանը՝ տարիներ շարունակ Հայաստանին տրամադրվող տեխնիկական եւ ֆինանսական օժանդակության համար: Վերջինս իր ծավալով եւ արդյունավետությամբ ամենամեծն է ԵՄ երկրների շրջանակներում»,- ասել է Կառավարության ղեկավարը:

Ելնելով այս հանդիպման բնույթից եւ նպատակից` վարչապետն իր ելույթում պատասխանել է այն հարցին, թե ո՞րն է Հայաստանի ներդրումային գրավչությունը:

«Նախ` Հայաստանը կայուն քաղաքական համակարգ ունեցող պետություն է: Մեր կառավարության նպատակն է ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ամրապնդումը, ինչպես նաեւ վերահսկելիության եւ թափանցիկության սկզբունքների վրա պետական կառավարման համակարգի շինարարությունը:

Մենք այսօր ունենք բարվոք մակրոտնտեսական իրավիճակ, ճգնաժամի տարիներին մեզ հաջողվել է ամբողջությամբ կատարել պետության սոցիալական պարտավորությունները եւ երկիրը զերծ պահել սոցիալական ցնցումներից, ունենք ամուր եւ լավ զարգացած բանկային համակարգ:

Այսօր արագ տեմպերով զարգանում է նաեւ ապահովագրական շուկան: Մենք ձեռնարկում ենք քայլեր ֆինանսական ծառայությունների շուկայի ընդլայնման եւ խորացման ուղղությամբ: Նպատակաուղղված քաղաքականություն է իրականացվում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ:

Հայաստանն իրականացնում է ներդրումների խրախուսման նպատակաուղղված քաղաքականություն, որը միջազգային կազմակերպությունների կողմից գնահատվում է որպես ԱՊՀ երկրների թվում ամենաբացը:

Կառավարությունը մշակել եւ իրականացնում է արտահանմանը միտված արդյունաբերության զարգացման ռազմավարություն: Արդյունաբերական քաղաքականության շրջանակներում մենք ընտրել ենք մի շարք առաջնային ոլորտներ. ճշգրիտ ճարտարագիտություն, դեղագործություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ոսկերչություն, ադամանդագործություն, կոնյակագործություն եւ այլն: Պետության աջակցությամբ ստեղծվում են գիտահետազոտական լաբորատորիաներ եւ այլ ենթակառույցներ՝ գործող եւ նոր ստեղծվող բիզնեսների համար:

Մեր գործադրած ջանքերն արդեն տալիս են առաջին պտուղները: 2012 թվականի առաջին կիսամյակի տվյալներով արդյունաբերության աճը կազմել է ավելի քան 10 տոկոս:

Բարձր տեխնոլոգիաների եւ նորարարական ոլորտների ներգրավման նպատակով ստեղծում ենք ազատ տնտեսական գոտիներ եւ ընդունել ենք հատուկ օրենսդրություն դրա վերաբերյալ:

Արտահանման հնարավորությունների առումով կարեւոր է, որ Հայաստանը հանդիսանում է ԱՊՀ շրջանակներում ազատ առեւտրի պայմանագրի մասնակից պետություն: ԵՄ հետ առեւտրում ունենք «GSP+», որի արդյունքում ԵՄ արտահանվող մեր շատ ապրանքների նկատմամբ կիրառվում է մաքսատուրքի զրոյական դրույքաչափ:

Բացի այդ, այսօր ԵՄ հետ բանակցում ենք Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի շուրջ: Հուսով ենք, որ այն բարեհաջող կավարտվի եւ ուժի մեջ կմտնի մինչեւ հաջորդ տարվա վերջ:

Հայաստանը կնքել է ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության երկկողմ պայմանագրեր մոտ 39 երկրների, այդ թվում` Գերմանիայի հետ: Իսկ կրկնակի հարկումից խուսափելու մասին պայմանագրեր ունենք 32 երկրների հետ: Ինչ վերաբերում է Գերմանիային, հարկումից խուսափելու մասին պայմանագրի շուրջ բանակցությունները սկսվելու են 2013-ի մարտ ամսին՝ համաձայն մեկ ամիս առաջ Երեւանում կայացած հայ-գերմանական միջակառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի որոշման»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Այնուհետեւ վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներդրումների առումով հեռանկարային ոլորտները, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության, դեղագործության եւ քիմիական արդյունաբերության բնագավառներում իրականացվող զարգացման ծրագրերն ու քաղաքականությունը:

Տիգրան Սարգսյանը երկկողմ հանդիպում է ունեցել նաեւ «Commerzbank»-ի կառավարման խորհրդի անդամ Միքայել Ռոյթերի հետ: