Ադրբեջանի նավթագազային պետական SOCAR ընկերությունը չի պատրաստվում հեղուկ գազ առաքել Ուկրաինա, գրում է Analitika.at.ua-ը՝ վկայակոչելով ուկրաինական լրատվամիջոցներին:

«Մենք հեղուկ գազ ընդհանրապես չունենք», - ասել է SOCAR-ի փոխնախագահ Վիտալի Բեգլյարբեկովը: «Մենք ուսումնասիրում ենք, բայց LNG տերմինալի կառուցման որոշում դեռ չենք կայացրել, եւ դա պետք է հստակ հասկանալ», - ասել է Բեգլյարբեկովը:

Պետական «LNG տերմինալի ազգային նախագիծ» ձեռնարկության ինժեներ Վլադիմիր Չաստուխինը հաստատել է տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ ադրբեջանական ողջ գազը մինչեւ վերջին խորանարդը բաշխված է:

Ուկրաինական մամուլում նշվում է, որ այս նորությունը կարող է կասկածի տակ դնել LNG տերմինալի ողջ նախագծի իրականացումը, քանի որ այլ ծագման ցանկացած գազ պետք է տեղափոխվի Բոսֆորի նեղուցով, եւ կարող են լուրջ խնդիրներ ծագել Թուրքիայի հետ:

Բոլորովին վերջերս Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Էյնուլա Մադաթլին հայտնել էր, որ Ուկրաինայում ադրբեջանական գազի մատակարարումը կսկսվի 2017թ.-ից: