Բելգիայի ոստիկանությունը ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացրել է 3-ի (4 հնարավորից), որի պատճառը «Անմեղ մարգարեն» նոր հակաիսլամական ֆիլմն է, որն էկրաններին կհայտնվի դեկտեմբերի 14-ին:
Ոստիկանությունը հատուկ ռեժիմով կաշխատի Մերձավոր Արեւելքից եւ Հյուսիսային Աֆրիկայից եկածներով կոմպակտ բնակեցված թաղամասերում: Ուժեղացված հսկողության տակ են հայտնվել Բելգիայի իսլամիստական կազմակերպությունների ինտերնետ կայքերը եւ ֆորումները, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Ինտերնետում արդեն հայտնվել է ֆիլմի պաշտոնական թրեյլերը, որն Իսպանիայում նկարահանել է պակիստանցի նախկին մահմեդական Իմրան Ֆիրասաթը:
Ֆիլմի հեղինակը պնդում է, որ իր առջեւ խնդիր է դրել պարզել՝ մահմեդականությունը խաղաղությա՞ն կրոն է, թե՝ պատերազմի: Նրա խոսքով, պատասխանի բանալին մահմեդականության հիմնադրի՝ Մուհամեդ մարգարեի բնույթի մեջ է: Հենց այդ պատմական անձի կյանքին է նվիրված ֆիլմը, որի համահեղինակը հայտնի սկանդալային քրիստոնյա քարոզիչ Թերրի Ջոնսն է:





























