Դաշնակցությունը չի շտապում նախագահի թեկնածու առաջադրելու հարցում, եւ դա կապված է 2007թ.-ից հետո իրավիճակի փոփոխության հետ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին խորհրդարանում  տեղի ունեցած ճեպազրույցում նշել է  ՀՅԴ  խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ նախորդ նախագահական ընտրություններին կուսակցությունը երկար պատրաստվում էր, իսկ հիմա ՀՅԴ-ն դեռ չի կողմնորոշվել:

«2007-ի իրավիճակը դժվար է համեմատել այսօրվա հետ, երբ հանրության շրջանում աննախադեպ անվստահություն է տիրում:  Իմաստ չկա շտապելու, երբ բազում չորոշված հարցեր կան», - բացատրել է Ռուստամյանը:

Հարցին, եթե «Բարգավաճ Հայաստանի» հետ ՀՅԴ առաջարկած դրույթների շուրջ համաձայնություն ձեռք բերվի, հնարավո՞ր է, որ Գագիկ Ծառուկյանը նախագահի միասնական թեկնածու դառնա, Ռուստամյանը նշել է. «Երբ այդ փուլն անցնենք, ժողովրդին համախմբելու պլատֆորմ կունենանք: Երբ քաղաքական 4-5 ուժ որոշում եւ միավորվում են, օրակարգն իրականություն է դառնում: Եւ այդուհետ քաղաքական յուրաքանչյուր ուժ պարտավոր կլինի հետեւել այդ օրակարգին, որը երկրի համար չափազանց կարեւոր է»:

Միաժամանակ Ռուստամյանը չի բացառել, որ Ծառուկյանը կարող է դառնալ ընդդիմության միասնական թեկնածուն.  «Այսօր բոլորը կարող են թեկնածու դառնալ: Ես ոչ ոքին չեմ բացառում»: Նա նաեւ նշել է, որ ՀՅԴ-ն պատրաստ է  աջակցել  նաեւ Հայաստանի գործող նախագահին, եթե նա ընդունի իրենց յոթ կետից բաղկացած առաջարկությունը: