Բամբասանքն ու ասեկոսեներն օգտակար է գրասենյակների գործունեության համար. դրանք, օրինակ, կարելի է օգտագործել, որպեսզի զգուշացնես այն գործընկերներիդ, որոնք իրենց գործը լավ չեն անում կամ խաբում են:
Ամստերդամի համալասարանի գիտնականների հետազոտությունը հերքել է առկա մտայնությունը, որ աշխատավայրում բամբասանքն ուղղված է միայն աշխատակիցներին մանիպուլացնելուն, նենգ բնույթ ունի եւ վնասակար է, գրում է բրիտանական The Daily Mail-ը:
«Մեր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ասեկոսեները միշտ չէ, որ բացասական են, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Դրանք թույլ են տալիս մարդկանց հավաքել եւ ստուգել տեղեկատվությունը, զվարճանալ միմյանց միջեւ խոսքուզրույցով, ինչպես նաեւ պաշտպանել սեփական խումբը»,-ասում է հետազոտության հեղինակ Բիանկա Բերշման:
Հետազոտությունը ցույց է տվել, որ էվոլյուցիայի ընթացքում բամբասանքն սկսել է կարեւոր սոցիալական դեր խաղալ: Միշտ կարող են լինել մարդիկ, որոնք իրենց աշխատանքը վատ կանեն կամ գլուխ կպահեն, իսկ բամբասանքը վեր է հանում այդ երեւույթները:




























