Թուրքիայի Դերսիմ նահանգում (ներկայում այն Թունջելի է կոչվում-խմբ) ծնված եւ թուրքական իշխանությունների դեմ բավականին խիստ հայտարարություններով հայտնի քուրդ հայտնի երաժիշտ Ֆերհաթ Թունչը դատարանի կողմից զավեշտալի պատժի է արժանացել։
Թուրքական Bianet.org կայքի փոխանցմամբ՝ Մալաթիայի ծանր հանցագործությունների գործերով 3 դատարանը Ֆերհաթ Թունչի՝ 2011 թվականի մայիսի 1-ին Դերսիմում արած հայտարարության համար դատապարտել է 2 տարվա ազատազրկման, միեւնույն ժամանակ որոշում կայացրել, որ նրան 3 տարի արգելվում է ելույթներ ունենալ կամ հայտարարություններ անել։
Թուրքական դատարանի որոշման մեջ նշվել է, թե նա Թուրքիայում արգելված ահաբեկչական կառույցի քարզչություն է արել՝ նշելով, թե ժողովրդին ողջունում է «Մաոական կոմունիստական» կուսակցության (այդ կուսակցությունը Թուրքիայում ահաբեկչական է համարվում եւ արգելված է-խմբ) առաջնորդների հեղափոխական ոգով։ Դատարանը 2 տարի ազատազրկման կիրառումը հետաձգել է, սակայն ուժի մեջ թողել 3 տարի չխոսելու որոշումը։
Ֆերհաթ Թունչը դատից հետո պնդել է, թե շարունակելու է խոսել, անկախ դատարանի տված պատժի տեսակից։
Նշենք, որ Ֆերհաթ Թունչն իր հարցազրույցներում կամ հրապարակախոսություններում խոսում է Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանությունների դատապարտման անհրաժեշտության մասին։
«Ցեղասպանություններն ու կոտորածները մարդկության պատմության մութ էջերն են կազմում։ Մութ էջերից կազմված իրենց պատմությանը հետ առերեսումից խուսափոխ պետությունները շարունակում են հանցանքներ գործել։ 1915-ի Հայոց ցեղասպանության հետ նույն կերպ չառերեսվող, նույնիսկ մի ներողությունը շատ համարող պետական ավանդույթի դեմ ենք կանգնած»,-ամիսներ առաջ հայտարարել էր Ֆերհաթ Թունչը։




























