Վրաստանի նախկին վարչապետ, ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին կեղծ փաստաթղթերով պետական սահմանը հատելու փորձի գործով երկարատեւ հարցաքննությունից հետո լքել է ՆԳՆ-ի շենքը: Դեկտեմբերի 7-ին Մերաբիշվիլիի կրկնակի հարցաքննությունը տեւել է մոտ 5 ժամ:

ՆԳՆ-ի շենքից դուրս գալով՝ Մերաբիշվիլին լրագրողներին հայտնել է, որ չնայած իր կուսակցության վրա գործադրվող ճնշումներին, այն կշարունակի աշխատել ի բարօրություն քաղաքացիների, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Նա նշել է, որ նոր իշխանությունը ցանկանում է, որպեսզի լրատվամիջոցներով լուսաբանվեն միայն ձերբակալությունները, հարցաքննությունները, «Միասնական ազգային շարժման» անդամների վրա գործադրվող ճնշումները, եւ նա՝ որպես ընդդիմադիր կուսակցություն, հնարավորություն չի ունենա քննադատելու իշխանություններին: «Սակայն մենք կշարունակենք ոչ թե քննադատությունը, այլ աշխատանքը, որպեսզի  Վրաստանի ցանկացած քաղաքացի հնարավորություն ունենա օգտվելու բոլոր հնարավոր բարիքներից», - նշել է  «Ազգային շարժման» գլխավոր քարտուղարը: