ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Խալեդ Մաշաալն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամանել է Գազայի հատված եւ 45 տարվա էմիգրացիայից հետո առաջին անգամ ոտք դրել պաղեստինյան հողի վրա, որպեսզի մասնակցի իսլամական շարժման 25-ամյակի տոնակատարություններին:

Գազայի հատվածը վերահսկող իսլամիստներն իրենց ղեկավարի այցը պատմական իրադարձություն են համարում: Նա սկզբում աշխատել է Հորդանանում, հետո՝ Սիրիայում, իսկ հիմա՝ Քաթարում եւ Եգիպտոսում: Ինքը՝ Մաշաալը համբուրել է Գազայի հողը եւ դա համարել «երրորդ ծնունդ», 1956-ին իր ծնվելուց եւ 1997-ին իսրայելական գործակալների ձեռքից փրկվելուց հետո:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», Հորդանան գետի արեւմտյան ափին ծնված Մաշաալը նախկինում երբեք չի եղել Գազայի հատվածում, որը դարձել է ՀԱՄԱՍ-ի հիմնական բազան: Նա առաջին կայցելի ՀԱՄԱՍ շարժման հիմնադիր եւ հոգեւոր առաջնորդ շեյխ Ահմեդ Յասինի տուն, որը 2004 թվականին ոչնչացրել են իսրայելցիները:

Գազայի հատվածի բնակիչները վստահ են, որ Իսրայելի եւ Գազայի միջեւ մեկ շաբաթ տեւող փոխհրաձգությունն ավարտվել է իրենց հաղթանակով: Մաշաալի այցը ողջունել են նաեւ ՀԱՄԱՍ-ի հակառակորդ ուժի՝ ՖԱԹՀ-ի ներկայացուցիչները, որոնց իսլամիստները հրավիրել են մասնակցելու տոնական միջոցառումներին: