Թուրքիան մտադիր չէ մասնակցել «Հարավային հոսք» գազատարի շինարարության նախագծում, քանի որ ավելի շատ հետաքրքրված է Nabucco-West եւ տրանսանատոլիական գազատարի նախագծերով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, հայտնել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

«Այս պահին մենք մտադիր չենք South Stream-ի բաժներտեր դառնալ, որովհետեւ մեր օրակարգում Nabucco-West եւ TANAP (տրանսանատոլիական գազատարի) նախագծերին մասնակցելն է»,-ասել է Յըլդըզը:

Միաժամանակ, նա ընդգծել է, որ Թուրքիան աջակցում է այդ նախագծին եւ պատրաստ է դրա շինարարության համար բնապահպանական թույլտվություն տալ: «Բոլոր անհրաժեշտ պաշտոնական գործընթացներն սկսվել են եւ մենք հասկանում ենք, որ մենք կպաշտպանենք այդ նախագիծը»,-ասել է թուրք նախարարը:

Թուրքիան նաեւ ցանկանում է ավելացնել ռուսական գազի գնումները: «Թուրքիայում գազի պահանջարկն աճում է: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ընթացքում մենք քննարկել ենք, թե արդյոք կա՞  գազի մատակարարումներն ավելացնելու հնարավորություն՝ մեր պահանջարկը բավարարելու համար: Նրա պատասխանը դրական էր, լրացուցիչ ծավալներ կլինեն»,-ամփոփել է Յըլդըզը: