Հոկտեմբերին Հայաստանի ֆինանսական համակարգում արձանագրվել է դոլարայնացման մակարդակի նվազում:

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տեղեկագրի՝ հոկտեմբերին դոլարայնացման ցուցանիշը նվազել է բոլոր 5 ուղղություններով, ինչը 2012 թ. առաջին անգամ է տեղի ունենում:

Սակայն, ընդհանուր առմամբ, դոլարայնացման աստիճանը Հայաստանում ներկայում ավելի բարձր է, քան 2011 թ. վերջերին:

Դոլարայնացման ամենաբարձր մակարդակ պահպանվում է ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների գծով: Ներկայում ժամկետային ավանդների 74,3%-ը պահվում է արտարժույթով, ինչը բավական բարձր ցուցանիշ է (նախորդ ամսվա նկատմամբ կա 0,3% նվազում): Համեմատության համար՝ ցպահանջ ավանդների միայն 54.3%-ն է պահվում արտարժույթով:

Ընդհանուր առմամբ՝ բոլոր ավանդների (ներառյալ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ժամկետային եւ ցպահանջ ավանդներ) 62,6%-ը դեռեւս արտարժութային է:

Վարկերի մեծ մասը նույնպես արտարժույթով է տրվում՝ 63,7%-ը: Անցյալ տարի այդ ցուցանիշը 60%-ը չէր գերազանցում, սակայն այս տարվա հունիսին այն հասավ ռեկորդային՝ 64% մակարդակի, այնուհետ սկսեց նվազել;