South Stream A.G. կոնսորցիումն սկսել է «Հարավային հոսք» գազատարի շինարարության գործընթացը: «Հարավային հոսքի» խողովակաշարի խորհրդանշանակ զոդումը կայացել է Անապայի շրջանում, որին ներկա է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Մեկնաբանելով նախագծի սկիզբը, Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ այս գազատարը հուսալի պայմաններ կստեղծի ռուսական գազը Հարավային Եվրոպայի երկրների իր հիմնական սպառողներին մատակարարելու համար: Պուտինը վստահեցրել է, որ գազատարի շինարարությունը կիրականացվի ամենաժամանակակից տեխնոլոգիաներով եւ բնապահպանական ստանդարտների պահպանմամբ, հաղորդում է РБК-ն:

«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտնել է, որ ընկերությունը սահմանել է տվյալ գազատարով անցնելիք գազի ողջ ծավալը: Նրա խոսքով, «Հարավային հոսք» գազատարով տարեկան 63 մլրդ խմ գազ կմատակարարվի: «Հարավային հոսքի» շինարարությունը պատմական իրադարձություն է: Սա մեն ընդհանուր հաղթանակն է»,-ասել է Միլլերը:

Գազատարի ծովային հատվածը կանցնի Սեւ ծովի հատակով մինչեւ Բուլղարիայի ափ: Սեւծովյան հատվածի երկարությունը կկազմի ավելի քան 900 կմ, առավելագույն խորությունը կլինի ավելի քան 2 կմ: «Հարավային հոսքի» մոտավոր արժեքը գնահատվում է 15,5 մլրդ եվրո:

Սեւ ծովից դուրս գալուց հետո խողովակաշարը կանցնի Բուլղարիայի, Սերբիայի, Հունգարիայի, Սլովենիայի տարածքներով եւ կավարտվի Իտալիայում:

Այս գազատարը շահագործման կհանձնվի 2015 թվականին, սակայն այն ողջ հզորությամբ կգործի 2019-ից: