Տրոտիլային սկանդալը, որը հասունացել էր լեհական մամուլում եւ հանգեցրել մի շարք լրագրողների աշխատանքից ազատման, անսպասելի շարունակություն է ստացել: Պարզվում է, որ լեհ փորձագետներն, ամեն դեպքում, աղետի վայրում պայթուցիկ նյութի հետքեր են հայտնաբերել: Դա խոստովանել են լեհ դատախազները: Միանշանակ ասել, որ օդանավի կորպուսի մասերում հենց տրոտիլ է գտնվել, կարելի կլինի այդ մասերի մանրամասն ուսումնասիրությունից հետո:

Ռազմական դատախազության ղեկավար Եժի Արտիմյակն օրերս խոստովանությամբ հանդես է եկել Լեհաստանի խորհրդարանում: Նա հայտարարել է, որ փորձագետները հատուկ սարքավորում են օգտագործել, որը թույլ է տալիս օդանավի մակերեւույթին հայտնաբերել պայթուցիկ նյութերի նվազագույն մասնիկները: Օդանավի կտորների վրա այդ սարքը նյութ է հայտնաբերել, որը նման է տրոտիլի, գրում է Gazeta Wyborcza-ն:

Դատախազը նաեւ նշել է, որ այդ արդյունքները պետք է դեռ ստուգել, որը կարող է տեւել մի քանի ամիս:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Rzeczpospolita թերթը հոդված էր հրապարակել, որտեղ վկայակոչելով անանուն աղբյուրները, հայտարարել էր, որ վթարված ՏՈՒ-154-ի օդանավի մասերի վրա տրոտիլ է հայտնաբերվել: Լեհաստանի դատախազությունը շտապել էր հերքել այդ տեղեկությունը, որից հետո հոդվածի հեղինակին եւ թերթի գլխավոր խմբագրին ազատել էին աշխատանքից: