ԱՄՆ ռազմածովային ուժերի ավագ Փաթրիք Հոֆմանը կալանավորվել է սուզանավերի  մասին գաղտնի նյութերը այլ մարդկանց փոխանցելու փորձի համար, ում նա համարում էր Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչներ: Իրականում նրանք ամերիկյան ՀԴԲ-ի գործակալներ էին:

39-ամյա ավագը, ով նավատորմում աշխատել է ավելի քան 20 տարի եւ պաշտոնաթող եղել 2011-ի նոյեմբերին, սուզանավերի մասնագետ է, հաղորդում է CNN-ը:

Նավաստուն ձերբակալել են դեկտեմբերի 6-ին, Վիջինիա նահանգի իր տանը՝ լրտեսության փորձի մեղադրանքով: նույն օրը նա կանգնել է դատարանի առջեւ, որտեղ որոշվել է կալանավորել նրան:

Մեղադրական եզրակացության համաձայն, այս տարվա հոկտեմբերի 21-ին Հոֆմանը փորձել է ամերիկյան սուզանավերի գտնվելու վայրը հայտնաբերելու միջոցների մասին տեղեկությունները փոխանցել ՀԴԲ գործակալներին, որոնց նա համարում էր ռուսաստանցի գործակալներ: Փաստաթղթում նշվում է, որ այս միջադեպի հետ կապված ԱՄՆ-ը ոչ մի պահանջ չունի Ռուսաստանից: Ոչ մի ապացույց չի գտնվել, որ նախկինում Հոֆմանն իսկապես կարող էր որոշ տեղեկություններ հաղորդած լինել իրական ռուսներին:

Եթե Հոֆմանը մեղավոր ճանաչվի, նրան ցմահ ազատազրկում է սպառնում: