Եգիպտոսի ազատական ընդդիմության առաջնորդները, որոնք միավորվել են «Ազգային փրկության ճակատում», այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խորհրդակցելուց հետո մերժել են նախագահ Մուհամեդ Մուրսիի առաջարկը՝ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով դեկտեմբերի 8-ին բանակցություններ սկսելու վերաբերյալ:
«Մենք դեմ ենք երկխոսությանը, որտեղ թեւքերը քշտած հրավիրում են մեզ»,-ասել է ԱԷՄԳ-ի նախկին ղեկավար Մոհամեդ ալ-Բարադեյը:
Բանակցություններին հնարավոր մասնակցության համար ընդդիմությունը երեք պայման է առաջ քաշում. Մուրսին պետք է հրաժարվի բռնապետական լիազորություններից, որն ինքն է իրեն տվել, պետք է չեղյալ համարվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացումը, որը նշանակված է դեկտեմբերի կեսին, ինչպես նաեւ ժողովրդավարական տրամադրություններ ունեցող ցուցարարների դեմ բռնությունների վերջին փաստերի անկախ հետաքննություն պետք է իրականացվի:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ իր խոսքում Եգիպտոսի նախագահը հրաժարվել է կատարել այդ պայմանները, բայց հայտարարել է, որ պատրաստ է ընդդիմության հետ խաղաղ բանակցություններ վարել:
Դիտորդների փոխանցմամբ, իշխանության հետ բանակցելուց հրաժարված ընդդիմությունը էլ ավելի զանգվածային բողոքի ակցիաներ կանցկացնի, որոնք արդեն սպառնում են նախագահի իշխանությանը:
Lenta.ru-ն նշում է, որ Եգիպտոսի բնակչության մեծ մասը (հիմնականում գյուղացիներ) պաշտպանում են «Մահմեդական եղբայրներին» եւ երկրի նախագահին, սակայն նրանք իրենց պասիվ են պահում: Իսկ ահա ազատական հայացքներ ունեցող քաղաքացիները դեմ են երկրի մահմեդականացմանը՝ պահանջելով ժողովրդավարական կառույցներ ստեղծել:





























