Բուքինգհեմյան պալատը պատասխանել է Ուկրաինայի խորհրդարանի սկանդալային պատգամավոր, Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոյի ուղարկած ծանրոցին, որում կարտոֆիլ է եղել:
Մի քանի ամիս առաջ ուկրաինացի պատգամավորը Մեծ Բրիտանիայի թագուհուն կարտոֆիլ էր ուղարկել, որն աճեցրել էր իր հայրենիքում (Չեռնիգովի մարզում): «Ես կցանկանայի, որ թագուհի Եղիսաբեթ II-ը փորձեր մեր գյուղատնտեսական արտադրանքը, գնահատեր նրա որակը եւ օգներ ինձ՝ պաշտպանել ուկրաինացի գյուղացիներին»,-ասել է նա: Պատգամավորի խոսքով, թագուհու սեղանին մատուցում են բացառապես Կիպրոսից բերված կարտոֆիլ, իսկ ուկրաինականը, որն աճում է փառահեղ սեւահողերում, պահանջարկ չունի, գրում է Lenta.ru-ն:
Բուքինգհեմից պատասխան նամակ է ստացվել՝ գրագրության համար պատասխանատու Ջեննի Վայնի ստորագրությամբ: Նա շնորհակալություն է հայտնել պատգամավորին՝ թագուհուն ուղարկած ծանրոցի համար, սակայն հասկացնել է տվել, որ Եղիսաբեթ II-ը ուկրաինացի գյուղացիների գործերին չի միջամտի:
Ուկրաինացի պատգամավորն այդ նամակից եզրակացրել է, որ «թագուհու գրասենյակի աշխատակիցները նրան նույնիսկ ցույց չեն տվել նամակն ու կարտոֆիլը»:
«Ինչ արած, ստիպված կլինենք հետագայում եւս ուկրաինական գյուղը պաշտպանել առանց միջազգային օժանդակության»,-ամփոփել է նա:
Նշենք, որ նախորդ ամռանը Լյաշկոն կես տոննա կարտոֆիլ է բեռնաթափել Գերագույն ռադայի դիմաց: Նա նաեւ փորձել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գենադի Օնիշչենկոյին կերակրել ուկրաինական պանրով, իսկ խորհրդարանում իր ելույթներից մեկի ժամանակ հոտ է քաշել իր հետ բերված հողից:





























