Հայաստանում շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգը (MNP ծառայություն) կգործարկվի 2014 թվականի հունվարի 1-ից: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգ է մտել «Շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգի ներդրման սկզբունքների եւ ժամանակացույցի մասին» որոշման նախագիծ:
MNP -ն (Mobile Number Portability) բաժանորդներին թույլ է տալիս օպերատորին փոխելուց հետո պահպանել համարը:
Ըստ հանձնաժողովում ներկայացված ծրագրի՝ բջջային հեռախոսահամարի տեղափոխելիությունը բաժանորդների համար կիրականացվի անվճար, միայն ստացող օպերատորին դիմելու միջոցով, ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում: Հետագայում այդ ժամկետը կնվազեցվի մինչեւ մեկ աշխատանքային օր:
Նշենք, որ Ռուսաստանը եւս մտադիր է MNP ծառայությունը ներդնել 2014 թ.: Եվրոպական գրեթե բոլոր երկրներում այդ ծառայությունը գործում է: Փորձը ցույց է տալիս, որ համակարգի ներդրումից հետո իրենց օպերատորին փոխում են բաժանորդների 3-10%-ը: Բացառություն է կազմում Թուրքիան, որտեղ MNP ներդնելուց հետո 2 տարում բաժանորդների 60%-ը փոխեց օպերատորին:




























