Հայաստանի ոսկերչական ոլորտը ֆյուչերսային պայմանագրերի միջոցով ոսկու գնման անհրաժեշտություն ունի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ոսկեգործների եւ ակնագործների ասոցիացիայի տնօրեն, Երեւանի ոսկերչական գործարանի տնօրեն Էմիլ Գրիգորյանը: Նրա խոսքով` ֆյուչերսային պայմանագրերը կօգնեն ոսկին գնալ առավել կանխատեսելի գներով:

«Ինչ-որ ժամանակ ոսկեգործության համար անհրաժեշտ ոսկու վաճառքը հասնում էր ամսական մինչեւ 500 կգ: Հիմա պահանջարկը 200 – 250 կգ մակարդակի վրա է: Սակայն, բանականաբար, մենք ներուժ ունենք: Հեռանկարային շուկաներից մեկը Մերձավոր Արեւելքն է:  Նախկինում մենք Ծոցի երկրներում տարեկան 400 – 500 մլն դոլարի պահանջարկ ունեինք, հիմա մեզ միլիարդ դոլարի մասին են ասում: Մենք պետք է նոր շուկաներ գտնենք` չհրաժարվելով ավանդականներից»,-ավելացրեց Գրիգորյանը:

«Նման խնդիրներ մենք կարող ենք կատարել, քանի որ Հայաստնում ոսկերչության, ակնագործության եւ ադամանդագործության ոլորտում մոտ 10 հազար մարդ է  աշխատում»,-նշեց Գրիգորյանը: Նրա կարծիքով` ոսկու գնման խոշոր պայմանագրեր կնքելու գործը, որոնց հետ հնարավոր կլինի աշխատել ֆյուչերսներով,  կարող է  իր վրա վերցնել Կենտրոնական բանկը:

Նշենք, որ 2011թ. Հայաստանում ոսկերչական արտադրության ծավալները կազմել են  12,38 մլրդ դրամ, ինչը 13%-վ բարձր է 2010թ. մակարդակից: Հայաստանից ոսկե զարդերի արտահանումը 2011թ. կազմել է 12,256 մլն դոլար, ինչը 11%-ով ցածր է 2010թ. ծավալից: Արտադրանքը հիմնականում արտահանվում է  Ռուսաստան, Թուրքմենստան, Ղազախստան, ԱՄՆ, ԱՄԷ եւ այլ երկրներ: