Ազգային Ժողովի Էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից թույլ տրված օրենքի կոպիտ ոտնահարման արդյունքում Ա.Ռուստամյանի նոյեմբերի 28-ի N 2-1447 դիմումի քննության առնչությամբ հանձնաժողովի նիստը, ինչպես նաեւ դրանում կայացրած որոշումները օրինական չեն, ուստի չեն կարող իրավական հետեւանքներ առաջացնել: Այս մասին հայտարարություն է տարածել  Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ, հանրապետական պատգամավոր Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ն.Փաշինյանի նախաձեռնությամբ այսօր` դեկտեմբերի 7-ին,գումարվել էր հանձնաժողովի հերթական նիստ, որի օրակարգում էր նաեւ պատգամավոր Ա.Ռուստամյանի նոյեմբերի 28-ի N 2-1447 դիմումի քննության վերաբերյալ  հարցը: Պատգամավոր Ա.Ռուստամյանի դիմումը վերաբերում  էր ս.թ. նոյեմբերի 21-ին   հրավիրած արտահերթ նիստին 83 պատգամավորների չմասնակցելուն:

«Նշված 83 պատգամավորների թվում են ՀՀԿ, ՕԵԿ, ԲՀԿ, ՀԱԿ խմբակցությունների պատգամավորներ, այդ թվում` նաեւ ես: «Ազգային ժողովի կանոնակարգ»  ՀՀ օրենքի 24.4-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետի համաձայն՝ պատգամավորը չի կարող հանձնաժողովի անդամի կարգավիճակով մասնակցել հանձնաժողովում հարցի քննարկմանը, եթե հանձնաժողովը քննում է նրա հարցը:

Օրակարգային այդ հարցի քննարկումը սկսելուց առաջ հանձնաժողովին ներկայացրեցի իմ դիրքորոշումը, առ այն, որ ես, որպես էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ, կմասնակցեմ Ա.Ռուստամյանի դիմումի քննարկմանը միայն մյուս 82 պատգամավորների մասով, իսկ իմ մասով հարցի քննարկմանը չեմ մասնակցի: Թեեւ որեւէ օրենք չի սահմանափակում այլ` 82 պատգամավորների մասով հարցի քննարկմանը մասնակցելու իմ իրավունքը, հանձնաժողովի նախագահ Ն.Փաշինյանը, կոպտորեն խախտելով օրենքը, գերազանցելով  իր իրավունքները, հայտարարեց,  որ ինձ զրկում է ձայնի իրավունքից, ընդ որում նաեւ նիստի վարման կարգի վերաբերյալ կարծիք արտահայտելու իրավունքից:

Օրենքի նման կոպիտ ոտնահարումը ստիպեց ինձ լքել նիստերի դահլիճը` հայտարարելով, որ այդպիսի նիստն ապօրինի է:

82 պատգամավորների հարցով քննարկմանը իմ մասնակցելուն խոչընդոտելը կոպտորեն խախտում է օրենքի բազմաթիվ դրույթներ, սակայն հայտարարությունս չծանրաբեռնելու համար նշեմ առավել ակներեւ երկուսը`

ա. «Ազգային ժողովի կանոնակարգ»  ՀՀ օրենքի  5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը`»Պատգամավորն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով … ունենալ ելույթներ, տալ հարցեր եւ անել առաջարկություններ Ազգային ժողովի եւ նրա հանձնաժողովների …  նիստերում»,

բ.  «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի  6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, ըստ որի՝ «պատգամավորը պարտավոր է մասնակցել …այն հանձնաժողովների…նիստերին, որոնց կազմում նա ընդգրկված է»»,- հայտարարել է պատգամավորը: