Հազարավոր ցուցարարներ, այսօր՝ դեկտեմբերի 7-ի երեկոյան, երթով շարժվել են դեպի Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի նստավայր: Այս մասին հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Նույն տեղեկությունը իրենց միկրոբլոգներում հաստատում են երթի բազմաթիվ ականատեսներ:
Ցուցարարների կիլոմետրեր ձգվող երթն՝ ընդդեմ նախագահի ընդլայնված լիազորությունների, սկսվել է ուրբաթօրյա ավանդական աղոթքից հետո: Նախագահական պալատի մոտ արդեն սկսվում է ազատական ուժերի «Ազգային փրկության ճակատի» կողմնակիցների հանրահավաքը, որոնք պահանջում են նաեւ չեղյալ հայտարարել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որի նախաձեռնությամբ հանդես է եկել Մուրսին:
Նախագահական պալատը շրջափակված է բետոնե բլոկներով եւ փշալարե ցանկապատով: Այստեղ են բերվել ոստիկանական ուժեր, ազգային գվարդիայի մարտիկներ եւ զինվորականներ, ինչպես նաեւ բանակային զրահատեխնիկա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ընդդիմությունը մերժել էր իշխանությունների հետ բանակցելու Մուրսիի առաջարկը, քանի որ վերջինս չէր կատարել իրենց պահանջները:





























