Չնայած որ Թուրքիայի արտգործնախարարի ղեկավարի հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկա, այնուամենայնիվ, այդտեղ առկա են դիվանագիտական սողանցքներ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է  թուրքագետ, Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ  Ռուբեն Մելքոնյանը` մեկնաբանելով Դավութօղլուի հայտարարությունը:

Նրա խոսքով, նախորդ դարի 90-ականներից սկսած Թուրքիան նմանատիպ հայտարարություններ է անում՝ ձայնը մեկ բարձրացնելով, մեկ իջեցնելով. «Դավութօղլուն նշում է, որ եթե ղարաբաղյան հարցով հայ-ադրբեջանական համաձայնություն ձեռք բերվի, որը ձեռնտու լինի Ադրբեջանին կամ ստորագրվի նրա կողմից, ապա դա ընդունելի կլինի Թուրքիայի համար: Այսինքն, եթե  ընդունվի Ադրբեջանի շահերից չբխող համաձայնագիր, սակայն լինի Ադրբեջանի ստորագրությունը, ապա Թուրքիան, ինչպես եւ խոստացել էր, կկարգավորի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները»: Թուրքագետը նաեւ նշել է, որ տվյալ իրավիճակում  Թուրքիայի համար Ղարաբաղի կարգավիճակի հարցն այնքան էլ սկզբունքային չէ, որքան Ադրբեջանին չնեղացնելու ցանկությունը: 

Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Ղարաբաղի շուրջ տարվող քննարկումների արդյունավետություն է  ցանկանում: Նա նշել էր, որ Ստամբուլում Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում քննարկվել էր նաեւ ղարաբաղյան հարցը: «Հաջորդ տարի Ադրբեջանում եւ Հայաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Այդ ընտրությունների նախաշեմին դժվար է բանակցություններում առաջխաղացման հասնել: Հոգեբանական մթնոլորտը թույլ չի տալիս: Մենք ցանկանում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Ղարաբաղի հարցով տարվող քննարկումների արդյունավետություն: Դա կարձակի նաեւ Թուրքիայի ձեռքերը»: