Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը եւս մեկ ապացույցն է այն բանի, որ այդ երկիրը մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում: Այս մասին NEWS.am-ին թղթակցին ասաց ԳԱԱ Արեւելագիտության ինտիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` մեկնաբանելով Թուրքայի ԱԳ նախարարի հայտարարությունը ղարաբաղյան հարցի վերաբերյալ:
Թուրքագետը նաեւ կարծիք հայտնեց, որ Թուրքիան պարզապես տվյալ փուլում հետաքրքրված չէ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորմամբ եւ օգտագործում է Ադրբեջանի գործոնը: «Թուրքիան իր դիրքորոշումը մոտ ապագայում չի փոխի` անկախ նրանից, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որքանով նպաստավոր իրավիճակ կսկսվի Հայաստանի համար: Սակայն նման հարաբերությունները փակուղի են տանում»:
Սաֆրաստյանը նշեց, որ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը Կովկասում իր դիվանագիտության ակտիվացմանն է ուղղված, քանի որ նա թաղվել է Մերձավոր Արեւլքում իրադարձությունների մեջ, մասնավորապես, Սիրիայում:
Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, թե Թուրքիան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քննարկումների արդյունավետություն է ցանկանում Ղարաբաղի հարցում:





























