Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին ամսական միջին անվանական աշխատավարձի եւ ընդհանուր գնաճի միջեւ դրական հարաբերակցություն է արձանագրվել` 105,1%` 102,4%-ի դիմաց: Սակայն ուրախության առիթ առանձնապես չկա, եթե դիտարկենք կարեւոր ապրանքների եւ ծառայությունների գների դինամիկան:
Ընթացիկ տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 103,6%, այդ թվում` պարենային ապրանքների մասով` 103,8%, ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի մասով` 104,6%: Ապրանքների եւ ծառայությունների խմբում աճ է արձանագրվել բժշկական ծառայությունների եւ դեղորայքի բնագավառում` միջինը 7,8%-ով:
Հայտնի է, որ մեր հասարակության աղքատ շերտերի բյուջեի հիմնական մասը ծախսվում է սննդամթերքի եւ, հատկապես, հացի վրա: Հարկ է նշել, որ այս մթերքը մայրաքաղաքում մեկ տարվա ընթացքում թանկացել է կիլոգրամի դիմաց 39,5 դրամով կամ 8,6%-ով:
Նոր տարին սարերի ետեւում չէ, եւ շատ ընտանիքներ սկսում են ավանդական առեւտուրը: Նոյեմբերին մայրաքաղաքում խոզի մսի մանրածախ գինը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8,8%-ով: Այնպես որ, շուտով ավանդական «բդի» գինը շուկայում նոր թռիչք կունենա... Գնորդներին թերեւս մի փոքր կմխիթարի տավարի մսի գինը, որը նշված ժամանակահատվածում նվազել է 5,4%-ով: Իսկ ահա համեմամտաբար էժան հավի միս նախընտրողներն ստիպված կլինեն կիլոգրամի դիմաց 225 դրամ կամ 25,9% ավելի վճարել:
Տոնական սեղանն անիմաստ է առանց խմիչքի, հատկապես` ալկոհոլի: Տեղական արտադրության օղու գինը մնացել է նույն մակարդակին, ինչ նախորդ տարի: Սակայն հայտնի է, որ մեծ պահանջարկ է վայելում նաեւ ներմուծվող արտադրանքը: Նոյեմբերին նշված խմիչքի սիրահարները ստիպված են եղել 3-9% ավելի վճարել, քան նախորդ տարի: Հայրենական կոնյակը եւս մեկ տարվա ընթացքում հասցրել է թանկանալ. երեքաստղանի «Արարատը» թանկացել է 10,0%-ով, «Ընտիրը»` 11,3%-ով, «ՄԱՊ»-ն ու «Պռոշյանը»` 10,6%-ով: Ոչ ալկոհոլային խմիչքների մանրածախ գները եւս աճել են 5,3-14,8%-ով:
Ինչ վերաբերում է ազգային ուտեստին` խաշին, ապա նրա հիմնական բաղադրիչի` տավարի տոտիկի հարցում եւս զգալի աճ է արձանագրվել` 48,0%: Խաշի մեկ այլ պարտադիր մաս` լավաշը, թանկացել է 6,5%-ով:
Այնպես որ, գների առումով նոյեմբերի ցուցանիշներն առանձնապես լավատեսություն չեն ներշնչում: Եւ այն էլ Նոր տարվա նախաշեմին, երբ գներն աճում են ոչ թե օրերի, այլ ժամերի ընթացքում...



























