«Հրապարակը» գրում է. «Ինչպես տեղեկացնում են ՀԱԿ աղբյուրները` այնտեղ գրեթե պայթյունավտանգ վիճակ է, եւ եթե դեկտեմբերի 22-ին տեղի ունենալիք ՀՀՇ համագումարի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարի, որ չի առաջադրվում, եւ իրենք պաշտպանում են ԲՀԿ առաջնորդի թեկնածությունը, ապա կկազմաքանդվի ոչ միայն ՀԱԿ-ն ինքնին, այլեւ վերջինիս խորհրդարանական ֆրակցիան եւս:
Բանն այն է, որ առաջիկայում առանձին համագումար է անցկացնելու նաեւ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը, որն էլ խիստ մտածված պետք է ընթանա ՀՀՇ համագումարի հաջորդ օրը` դեկտեմբերի 23-ին:
Եւ եթե զարգացումներն ընթանան վերը նշված սցենարով, ապա չի բացառվում, որ համագումարի ընթացքում Հրանտ Բագրատյանը հայտարարի ՀԱԿ-ից դուրս գալու, ինչպես նաեւ իր թեկնածությունը նախագահական ընտրություններում առաջադրելու մասին, որի դեպքում, ըստ մեր զրուցակիցների, հնարավոր է նաեւ Նիկոլ Փաշինյանի միացումն արեւմտյան բեւեռ ուրվագծող այդ առանցքի շուրջ:
Մեր զրուցակիցները չեն բացառում ինչպես Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության, այնպես էլ Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիքի» եւ ՀԱԿ-ից դուրս եկած ու դուրս գալու պատրաստ մնացյալ կուսակցությունների, անգամ «Ազատ դեմոկրատների» միացումն այդ ալյանսին:




























