Եգիպտոսի փոխնախագահ Մահմուդ Մեքքին հայտարարել է, որ նախագահ Մուհամեդ Մուրսին պատրաստ է  նոր սահմանադրության հանրաքվեն չեղյալ հայտարարել, սակայն դրա «իրավական հետեւանքների բացակայության» պայմանով: Այսինքն` ընդդիմությունը չպետք է վիճարկի այդ որոշումը դատարանում: Փաստորեն Մուրսին ակնարկել է, որ իր ընդունած ցանկացած որոշում քննարկման ենթակա չէ: 

Եթե Եգիպտոսում հանրաքվեն չհետաձգվի, այն կկայանա այս տարվա դեկտեմբերի 15-ին, հայտնում է rbc-ն:

Vesti.ru-ն պատմում է, թե ինչպես են ընդունել այդ լուրը հազարավոր ցուցարարները. նրանք քանդել են փշալարե եւ բետոնե արգելապատնեշը: Զինվորականները նահանջել են առանց մարտի, այժմ ընդդիմության ներկայացուցիչները պատվարներ են կանգնեցնում, նրանք շրջապատել են  կառավարական շենքերի համալիրը: Ցուցարարներն ասում են, որ նախագահը հրաժարվում է հանդիպել ընդդիմադիրներին, սակայն բողոքողներն անձամբ են պատրաստ նրա մոտ մտնել:

Գիշերը Եգիպտոսի բոլոր խոշոր քաղաքներում  տեղի են ունեցել անկարգություններ եւ բախումներ:

«Ապրիլի 6» երիտասարդական ընդդիմադիր շարժման ակտիվիստները, որոնք առանցքային դեր են ունեցել Հոսնի Մուբարաքի տապալման գործում, զավթել են Էլ Մահալյա էլ Կուբրա քաղաքի վարչական շենքը եւ հայտարարել քաղաքը իսլամիստներից անկախ հռչակելու մասին: Եգիպտոսի հյուսիսային նահանգ Ալեքսանդրիան հայտարարվել է իշխող վարչակարգից անկախ գոտի: Բախումները վերսկսել են նաեւ Մուրսիի հարազատ Զագազիտ քաղաքում: