Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, որ ՆԳ նախկին նախարար, Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին կեղծ անձնագրով պետական սահմանը հատելու փորձի գործում կեղծ ցուցմունքներ է տվել։

Ըստ հաղորդագրության`նախկին վարչապետը կրկին հրաժարվել է համագործակցել քննության հետ: «Նա գիտակցաբար փորձում է խոչընդոտել ճշմարտության բացահայտմանը», - ասված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ: Մերաբիշվիլին իր դեմ հարուցված գործը գնահատում է որպես «ճնշում», հայտնում է  «Նովոստի Գռուզիան»:

Հիշեցնենք, Մերաբիշվիլիի կրկնակի հարցաքննությունը դեկտեմբերի 7-ին տեւել է հինգ ժամ։

Նոյեմբերի 30-ին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Երեւան թռիչքից առաջ անձնագրային վերահսկողության ծառայության աշխատակիցները վրացական պատվիրակությանը ստուգելիս Մերաբիշվիլիի նկարով, բայց Լեւան Մայսուրաձեի անունով անձնագիր էին հայտնաբերել: Պետական այցը չխափանելու համար  Մերաբիշվիլիին թույլ էին տվել իսկական անձնագիր ներկայացնել եւ դրանով մեկնել:

Դեկտեմբերի 1-ին Մերաբիշվիլիին իբրեւ վկա հարցաքննել էին: Երկու ժամ տեւած հարցաքննությունից հետո բաց էին թողել, սակայն հետո ՆԳՆ-ն նրան «արդարադատությանը գիտակցաբար խոչընդոտելու համար» կեղծ ցուցմունք տալու մեղադրանք էր առաջադրել:
Քննության վերջին տվյալներով՝ Մերաբիշվիլիի երկու անձնագրի մասին լուրը հաստատել է նրա թիկնապահ Վանո Տուգուշին: Ըստ նրա՝ «ինքն անձամբ է Վանո Մերաբիշվիլիին փոխանցել երկու անձնագրերը»: