Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան իր թվիթերում ռուս վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին շնորհակալություն է հայտնել նույնասեռականներին աջակցելու համար:
Նա շնորհակալություն է հայտնել, որ վարչապետը չի աջակցում նույնասեռականների դեմ քարոզչությանը, որն արվում է նրա կուսակցության կողմից, փոխարենը աջակցում է իր «շոուին եւ երկրպագուներին ամբողջ Ռուսաստանում»:
Լեդի Գագան այդպես է արձագանքել ռուսական հինգ հեռուստաալիքների լրագրողներին վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի տված հարցազրույցին: Հիշեցնենք, որ հարցազրույցի ժամանակ «Дождь» հեռուստաալիքի հանդիսատեսը, ներկայանալով իբրեւ «Եդինայա Ռոսիայի» մամոլի ծառայության աշխատակից, վարչապետին հարցրել էր, թե ինչու է պետք նույնասեռականության քարոզչությունն արգելող օրենքը:
Մեդվեդեւը հայտարարել էր, որ «ոչ բոլոր սովորություններն է պետք օրենքի վերածել, քանի որ մարդկանց միջեւ ոչ բոլոր հարաբերություններն են ենթարկվում օրենքի վերահսկմանը»:
Ավելի ուշ, հայտնում է lenta.ru-ն, «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար Սերգեյ Նեւերովը հայտարարել էր, որ անձը, որի անունից տրվել էր հարցը, գոյություն չունի, քանի որ կուսակցության մամլո ծառայությունում միայն կանայք են աշխատում: «Եդինայա Ռոսիայի» թվիթերում հաղորդագրություն էր հայտնվել, որ կուսակցության մամլո ծառայությունը գնահատել է հեռուստաալիքի կատակը եւ շնորհակալություն է հայտնում գործընկերներին գովազդի համար:





























