ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խնդրագիր է ուղարկել Կոնգրես՝ դաշնային բյուջեից հատկացնել 60,4 մլրդ դոլար, «Սենդի» փոթորիկի հետեւանքները վերացնելու համար։ Այս գումարը ավելի քիչ էր, քան նախատեսել էին աղետի հարվածից տուժած նահանգների ղեկավարները։

Այսպես, Նյու Յորքը, Նյու Ջերսին եւ Քոնեկտիկուտը ընդհանուր առմամբ ցանկանում էին դաշնային կառավարությունից ստանալ 82 մլրդ դոլար։ Չնայած դրան՝ Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի նահանգապետներ Էնդրյու Կուոմոն եւ Քրիս Քրիստին արդեն ողջունել են նախագահական աշխատակազմի այս քայլը եւ կոչ են արել օրենսդիրներին՝ հնարավորինս արագ բավարարել խնդրանքը։

Նրանք մտադիր են դաշնային ֆինանսական օգնությունը  օգտագործել ոչ միայն փոթորիկի հետեւանքները վերացնելու համար, այլ նաեւ նահանգների ենթակառուցվածքների արդիականացնելու՝ ապագայում բնական աղետներից պաշտպանված լինելու համար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

«Սենդին» ԱՄՆ-ում խլել է ավելի քան 130 կյանք, այդ թվում՝ 43-ը Նյու Յորքում։ Նյու Յորքի, Նյու Ջերսիի եւ Քոնեկտիկուտի հազարավոր բնակիչներ անտուն են մնացել։