Հայաստանի նախագահի ընտրությունները կկայանան 2013թ. փետրվարի 18-ին։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նրա խոսքով՝ այսօր ԿԸՀ արտահերթ նիստ կկայանա, որի ընթացքում կհաստատվի   Հայաստանի նախագահի ընտրությունների անցկացման նախապատրաստական եւ հիմնական միջոցառումների ժամանակացույցը։

Հայաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2013թ. փետրվարի 18-ին՝ պետության գործող ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալուց 50 օր առաջ (ապրիլի 9-ին)։

Համաձայն Հայաստանի Ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ կետի՝ Հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ, հայտարարությամբ հանդես է գալիս Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

NEWS.am-ը հայտնել էր, որ 2008-ի նախագահական ընտրություններից հետո Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո, պաշտոնական քարոզարշավի անցկացման ժամկետներն էականորեն կրճատվել են: Եթե մինչ այդ քվեարկության անցկացման մասին տեղեկացվում էր ընտրություններից 100 օր առաջ, ապա հիմա՝ միայն 70 օր առաջ: Կրճատվել է նաեւ նախագահի թեկնածուների գրանցման համար նախատեսված ժամկետը: Եթե նախկինում թեկնածուների փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացվեին քվեարկության օրվանից ոչ շուտ քան 90 օր եւ ոչ ուշ, քան 75 օր առաջ, ապա հիմա փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացվեն ընտրությունների օրվանից ոչ շուտ, քան 55 օր եւ ոչ ուշ, քան 45 օր առաջ: