Մի շարք ամերիկյան ընկերություններ, որոնք բիզնես են վարում Հայաստանում, այդ թվում «Microsoft»-ը, «FedEx»ժն ու «NASDAQ»-ը, ԱՄՆ դեսպանատանը փոխանցված նամակում կոչ են արել Օբամայի վարչակազմին կոնկրետ միջոցառումներ կիրառել, որոնք առաջնահերթ ուշադրություն կդարձնեն հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների աճին՝ «Առեւտրի եւ ներդրումների մասին» երկկողմ շրջանակային համաձայնագրի (TIFA) շուրջ բանակցությունների ճանապարհով:

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Հայաստանում եւ ԱՄՆ-ում աշխատատեղեր ստեղծելու նպատակով ակտիվորեն փոխգործակցում է Սպիտակ Տան, ԱՄՆ առեւտրային ներկայացուցչի, Կոնգրեսի, պետքարտողարության, ֆինանսների եւ առեւտրի նախարարությունների հետ՝ հայ-ամերիկյան առեւտրային հարաբերությունները զարգացնելու համար:

Այդ ընկերությունները Հայաստանում հազարավոր մարդկանց ապահովում են աշխատանքով, միաժամանակ երկու երկրների համար առաջընթացի, բարեկամության եւ համագործակցության շարժիչներ են:

«Microsoft»-ի, «FedEx»-ի եւ «NASDAQ»-ի այս կոչին միացել են նաեւ «Marriott»-ը, «Ameria Banking Group»-ը, «Prudence Legal Advisory and Counseling»-ը, «Grant Thornton»-ը, «Baker Tilley Armenia»-ն, «Synergy»-ն, «Tufenkian Heritage Hotels»-ը, «Altacode»-ը, «Leda Campus LLC»-ը, «Levon Travel»-ը, «Unicomp»-ը, «Synopsys»-ը, «Megerian Carpet»-ը, «National Instruments»-ը, «Mentor Graphics»-ը, «First Mortgage»-ը, «Geoteam»-ը, «Hylink»-ը, «LC Distribution»-ը եւ «Linkgard Systems»-ը:

Հայաստանի կառավարությունն արդեն վաղուց հանդես է գալիս նրա օգտին, որպեսզի ամերիկյան գործընկերները բանակցեն իրենց հետ Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի, ինչպես նաեւ կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագրի շուրջ:

ԱՄՆ Կոնգրեսի շատ անդամներ իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ նման համաձայնագրի կնքմանը: Նախագահ Օբաման, իր հերթին, 2008-ին իր քարոզարշավի ժամանակ խոստացել է աջակցել Հայաստանի հետ առեւտրի ընդլայնմանը:

Օբամային ուղղված նամակների պատճենները փոխանցվել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին դեկտեմբերի 7-ին, Ամերիկայում հայկական կազմակերպությունների եւ Լոս Անջելեսում հայ համայնքի անդամների հետ հանդիպման ժամանակ: