Երեւանում այսօր` դեկտեմբերի 8-ին, Ժամը 02:00-ի սահմաններում, վթարի է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության սերիալներում խաղացող դերասաններից մեկը` 24-ամյա Գուրգեն Մելքումյանը: NEWS.am-ի թղթակցին Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ «Մերսեդես» մակնիշի 87 ՕԼ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կիեւյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց բախվել է Լենինգրադյան 21 շենքի բնակիչ 54-ամյա Վլադիմիր Հովսեփյանի վարած «Կիա» մակնիշի Լ3841 համարանիշի ավտոմեքենային:  Նախնական տեղեկություններով` «Մերսեդեսի» վարորդը դիմել է փախուստի, նրա ինքնությունը դեռ պարզ չէ:

Վթարի հետեւանքով «Կիա»-ի վարորդը եւ նրա ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոցներ: Վ. Հովսեփյանն ու նրա ուղեւոր 28-ամյա Անդրանիկ Հակոբյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, 23-ամյա Դավիթ Պողոյանը` թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վիրավորները ստացել են կոտրվածքներ: «Կիայի» ուղեւորներից մեկն էլ 24-ամյա Գուրգեն Մելքումյանն է, ով այժմ նկարահանվում է «Շանթի» «Մաեստրո» սերիալում` որպես Նուռի դերակատար: Նա «Բանակում» սերիալի Սեւակի դերակատարն էր: Երիտասարդը ավարտել է Թատերական ինստիտուտը, ամուսնացած չէ: «Էրեբունի»  բժշկական կենտրոնի  հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Գուրգեն Մելքումյանը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրա վիճակը գնահատել են միջին ծանրության: «Նա ստացել է կոտրվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում, բժիշկների հսկողության տակ է»,- ասաց Շուշան Հունանյանը: