Մոսկվայում դեկտեմբերի 8-ին Կոմկուսի Կենտկոմի վարած քաղաքականությանը դեմ կոմունիստների ժողովի ընթացքում Գենադի Զյուգանովի եւ ՌԴԿԿ-ի այլ ղեկավարների հրաժարականի պահանջ է հնչել։
Գլխավոր զեկուցողը եղել է Վալենտին Նիկիտինը՝ 1993թ. փետրվարին ՌԴԿԿ-ի հիմնադիր համաժողովի պատվիրակներից մեկը, ով նաեւ առաջին երեք գումարման Պետդումայի պատգամավոր է եղել։
Նա մասնակիցներին (169 պատվիրակ) կոչ է արել ՌԴԿԿ փետրվարյան նիստում իրենց թեկնածուներին առաջադրել։
Նիկիտինը քննադատել է կուսակցության ղեկավարությանը այն բանի համար, որ տարբեր ժամանակներում կուսակցության կողմից առաջադրված եւ հաղթած նահանգապետերը, խոշոր քաղաքների քաղաքապետերը, պատգամավորները հակվել են իշխող կուսակցության կողմը», գրում է «Ինտերֆաքսը»։
«Եվ կադրային նման քաղաքականության արդյունքում այսօր բանվորների ու գյուղացիների, արհմիությունների առաջնորդների փոխարեն ՌԴԿԿ-ից առաջադրվածների շրջանում ավելի ու ավելի գերակշռող են դառնում խոշոր բիզնեսի, Զյուգանովի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները»,- ընդգծել է զեկուցողը։
Նա նաեւ նշել է, որ շատ կոմունիստների դժգոհությունն է հարուցել Զյուգանովի եւ կուսակցության մնացած ղեկավարների՝ «ռուսաֆիլ» տրամադրություններ սերմանելու եւ եկեղեցու հետ եղբայրանալու քաղաքականությունը։




























