Սեռահասունացման գործընթացում պատանիները փորձում են իրենց տարբեր դերերում գտնել, ինչը հետագայում օգնում է կողմնորշվել սեռական ուղղվածության հարցում։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին հայտնել է հոգեբան Սուսաննա Անդրեասյանը։

Սուսաննա Անդրեասյանը բնական է համարում 16-22 տարիքային խմբի դեռահասների՝ իրենց տարբեր դերերում փորձելու ձգտումը։

Հոգեբանը որպես օրինակ նշել է մկների վրա կատարած գիտափորձը, որը ցույց է տվել, որ սեռական հասունացման շրջանում քրոմոսոմները կարող են նույնասեռականության հակումներ խթանել։

Հանդիպման մեկ այլ մասնակից՝ սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը, նշել է, որ այս խնդրի վերաբերյալ 20-ից ավելի տեսություններ կան, բայց ոչ մեկը դեռ չի ապացուցել, որ նույնասեռականությունը հիվանդություն է։

Լրագրողների հարցին՝ ինչպիսին պետք է լինի նման խնդիր ունեցող երեխաների նկատմամբ հանրության վերաբերմունքը,  Սուսաննա Անդրեասյանը պատասխանել է. «Հանրությունը տարբեր մարդկանցից է կազմված, եւ յուրաքանչյուրի վերաբերմունքը նման երեխաների հանդեպ անհատական է, այնուամենայնիվ, դեռահասն ինքը պետք է որոշի՝ ինչ է ուզում կյանքից»։