Հայաստանի կառավարության բոլոր գերատեսչությունների ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Հայաստանում գտնվող սիրիահայերի հիմնահարցերը:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե մեկը մյուսին են հաջորդում ՀՀ կառավարության որոշումները, որոնց համաձայն սիրիահայերի մուտքն ու կեցությունը Հայաստանում կազմակերպվում է հնարավորինս դյուրին ընթացակարգերով: Շարունակում է առաջնահերթ մնալ Հայաստանում գտնվող սիրիահայերի որոշ մասի մասնագիտական ու ըստ նախասիրությունների աշխատանքով ապահովելու, ինչպես նաեւ բնակարանային վարձի հիմնախնդիրը:
Հայաստան ժամանած սիրիահայերի մի մասն ունի ազատ կապիտալ, մի մասն էլ՝ Հայաստանում գործ հիմնելու, ներդրումներ կատարելու ցանկություն:
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ էկոնոմիկայի եւ գյուղատնտեսության նախարարությունների, ինչպես նաեւ Զարգացման հայկական գործակալության, Փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ծրագրերի կենտրոնի աջակցությամբ շարունակաբար հանդիպում-խորհրդակցություններ են հրավիրվում, որոնց նպատակը ներդրումների պատրաստակամություն ունեցող սիրիահայերին հայաստանյան բիզնես միջավայրի եւ իրավատնտեսական օրենսդրության առանձնահատկությունների վերաբերյալ իրազեկումն է:
Սիրիայում կայացած գործարարները ՀՀ սփյուռքի նախարարության առաջարկով այցելեցին Նոր Եդեսիայում գտնվող «ԱրմԱս» ՍՊԸ-ի կոնյակի եւ գինու գործարան: «ԱրմԱսի» տնօրեն Արմեն Ասլանյանը սիրիահայ գործարարներին պատմեց, որ Հայաստանից 20 տարվա բացակայությունից հետո վերջին 6 տարիներին վերադարձել է հայրենիք՝ ձեռք բերելով 180 հեկտար հողատարածք եւ իտալացի մասնագետների ներգրավմամբ կառուցել է 4000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող կոնյակի ու գինու գործարան, հիմնել՝ խաղողի եւ պտղատու ծառերի այգի:
Սիրիահայերը շրջեցին գործարանում, ծանոթացան արտադրության ողջ գործընթացին, տեխնոլոգիաներին, ստորագրեցին Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանի՝ «Խաղաղություն հալեպահայերին» մակագրությամբ գինու տակառի վրա, շրջեցին այգիներում:
Այնուհետեւ մտքեր փոխանակեցին Հայաստանի տնտեսության ոլորտի օրենսդրության, հարկային ու մաքսային քաղաքականության մասին: Գործարարները տեղեկացան, որ սարքավորումների ներմուծման ընթացքում կազմակերպությանը հնարավորություն է ընձեռնված սահմանված կարգով հետաձգել ԱԱՀ-ի վճարումը: Ներկաները խորհրդակցեցին գյուղատնտեսության ոլորտի ռիսկերի, ինչպես նաեւ առկա խնդիրների մասին: «ԱրմԱսի» տնօրենն իր օրինակով փաստեց, որ պետությունը խրախուսում է ներդրումները կառավարության ծրագրերում գերակա ուղղություն հանդիսացող գյուղատնտեսության, գինեգործության ու կոնյակագործության բնագավառներում, նպաստում է նշված ոլորտների զարգացմանը: Ու թեեւ գործարանի առաջին արտադրանքը պատրաստ կլինի եկող տարվա մայիսին, վստահ է, որ արդյունավետ կընթանան նաեւ արդյունահանման գործընթացները:
Հանդիպման ավարտին գործարար սիրիահայերը կիսեցին իրենց կարծիքները, նշելով որ հանդիպումը կողմնորոշման առումով օգտակար էր իրենց առաջիկա ներդրումային ծրագրերը իրականացնելու գործում:
Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հիշեցրեց վստահելի գործընկերներ ձեռք բերելու եւ որակյալ խորհրդատվության կարեւորության մասին՝ շեշտելով, որ ՀՀ հարկային ու մաքսային օրենսդրության, բիզնեսի հիմնման վերաբերյալ խորհրդատվությունը անհրաժեշտ է ստանալ պետական կառույցների միջոցով:




























