Հայ-գերմանական գործարար համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ֆրանկֆուրտում հադիպել է «Օրաքլ» ընկերության փոխնախագահ Ալան Բլանքին: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել է «Օրաքլ»-ի ներգրավման հնարավորությունը հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Ընկերությանը ներկայացվել են մի շարք ծրագրեր, որոնք կարող են հետաքրքրական լինել համագործակցության համար` ՀՀ-ում ստեղծվող ազատ տնտեսական գոտի, Գյումրու տեխնոպարկի, կրթական նախագծեր:

Ալան Բլանքն ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում ծրագրեր իրականացնելու գործում եւ ծանոթ են արդեն իսկ մեկնարկած եւ գործող բազմաթիվ այլ ընկերությունների ծրագրերի:

«Օրաքլ» ընկերությունն եվրոպական շուկայի առաջատարներից է ՏՏ լուծումների, տվյալների եւ  էլեկտրոնային  կառավարման ոլորտներում ունեցած իր հաջողություններով:

Հայ-գերմանական համաժողովի շրջանակներում մեկ այլ հանդիպման ժամանակ,  հայաստանյան «Լորի Ամրոց» ՍՊԸ-ի, «ՎՕԻԹՀ Հիդո ԳՄԲՀ եւ Քո»-ի, «Շպարկս» բանկի եւ «Քոմմիթ գրուպ»-ի միջեւ ստորագրվել է համաձայնագիր «Լորի Բերդ Հիդրոէլեկտրոկայանի» ծրագրի ֆինանսավորման եւ կառուցման վերաբերյալ: